Լուրեր

ՀՀ պատվիրակության աշխատանքային այցը ՆԱՏՕ-ի կենտրոնակայան

25.06.2013

Կից լուսանկարներ

ՀՀ պատվիրակության աշխատանքային այցը ՆԱՏՕ-ի կենտրոնակայան

Ամբողջ ալբոմ »

Ս.թ. հունիսի 24-25-ին Բրյուսելում աշխատանքային այցով էին գտնվում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը և ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:

Հունիսի 24-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայացավ ՆԱՏՕ-ի անդամ պետությունների դեսպանների տեղակալների նիստը+Հայաստան ձևաչափով: Նիստին քննարկվեց ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի 2012-2013թ. գնահատման զեկույցը: Ա.Հովակիմյանը իր ելույթում անդրադարձավ ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության քաղաքական երկխոսությանը, Անհատական գործընկերության գործողությունների հաջորդ ծրագրի /2014-2015թթ./ նախապատրաստական աշխատանքներին, ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի զարգացումները: Դ.Տոնոյանը իր ելույթում խոսեց ՀՀ զինված ուժերում բարեփոխումների ընթացքի, ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ՆԱՏՕ-ի օժանդակությամբ իրականացվող ռազմական կրթության ծրագրերի մասին, շեշտելով Հայաստանում ՆԱՏՕ-ի օժանդակությամբ նոր ծրագրեր նախաձեռնելու կարևորությունը, այդ թվում ՆԱՏՕ-ի վստահության հիմնադրամի գործարկումը: Պաշտպանության նախարարի առաջին տեղակալը անդրադարձավ նաև ՆԱՏՕ-ի կողմից ղեկավարվող գործողություններին հայ խաղաղապահների մասնակցության հարցերին:

Այնուհետև ելույթներով հանդես եկան Դաշինքի բազմաթիվ պատվիրակությունների ներկայացուցիչներ, ովքեր բարձր գնահատեցին Հայաստանի համագործակցությունը Դաշինքի հետ բոլոր բնագավառներում, իրենց աջակցությունը հայտնեցին ԼՂ հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը:

Աշխատանքային այցի շրաջակներում ՀՀ արտաքին գործերի տեղակալ Աշոտ Հովակիմյանը և ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը ս.թ. հունիսի 25-ին հանդիպեցին Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջ.Ապատուրայի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին ՀՀ-ՆԱՏՕ քաղաքական երկխոսության հետագա զարգացման հետ կապված հարցեր, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլը, տարածաշրջանային հարցեր: